ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

«Ես ՈՒրսուլան չեմ, ես հանել եմ իմ վարտիքը, գոտիները, արձակել եմ ճարմանդը»

«Ես ՈՒրսուլան չեմ, ես հանել եմ իմ վարտիքը,  գոտիները, արձակել եմ ճարմանդը»
23.10.2012 | 11:25

«Իրատես de facto»-ի հյուրը երիտասարդ բանաստեղծուհի ՄԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ է:

-Մանե, ինչի՞ մասին ես գրում, եթե մի կողմ թողնենք մաթևոսյանական հայտնի դարձվածքը, որ «գրականությունը մասին չի լինում»: Այսպես ասեմ, որո՞նք են այն թեմաները, որ անվերջ ձգում են և՛ գրողին, և՛ ընթերցողին:
-Ահմադ Շամլուն ասում է` իմ ստեղծագործություններն ինքնին կատարյալ ինքնակենսագրություն են: Ես հավատում եմ այն ճշմարտությանը, որ բանաստեղծությունը կյանքից վերցրած երևույթների արտացոլումը չէ, այլ ամբողջապես կյանքն ինքն է:
Իմ բանաստեղծությունը իմ ապրած կյանքն է: Իմ տագնապները, ցավերը, հիասթափությունները, ամեն ինչ ինքնակենսագրական են, որովհետև առանց դրանց ես չէի լինի: Ժամանակի հետ ես սկսեցի ինձ սիրել իմ մենակության մեջ: Մարդկանց ու իմ միջև մեծ տարածություն կա, ու ես այդ տարածությունը լցնում եմ նրանց մասին գրելով: Ես գիտեմ` նրանց իրական մոտիկությունն ինձ կսպանի, ես չեմ դիմանա այդ մոտիկությանը, որովհետև խոցելի եմ երևի: Գուցե ինչ-որ մեկն ասի` հիվանդ բան կա այս ամենի մեջ, ու ես էլ չեմ ժխտի, որովհետև մարդը հիվանդանում է, երբ, անկախ իր կամքից, հայտնվում է մի տեղ, որն ինքը չի ընտրել, ու ապրում է մարդկանց մեջ, որոնց ինքը չի ընտրել:
Երբ ես գրում եմ ինչ-որ իքս կնոջ մասին, որն այնքան էլ ես չեմ, նշանակում է, որ ես ամեն դեպքում հասկացել եմ այդ կնոջը: Ես հասկանում եմ իմ ստեղծագործության մարդուն, և այդ հասկացվածությունը դառնում է բանաստեղծություն:
-Ո՞րն է գրականության և իրականության սահմանագիծը: Ասում են` գրականությունը իրականություն է դառնում, սա քեզ չի՞ վախեցնում:
-Մի ժամանակ հազից էի գրում` կապույտ հազ, հազ… հազը որպես ցավ: ՈՒ սկսեցի անտանելի հազալ, նույնիսկ բժշկի գնացի և մի քանի ասեղ սրսկվեցի: Հետո մարդիկ պետք եղան, որ չկային իմ կյանքում, և ես գրեցի` կգրեմ քո մասին ու կհայտնվես: Եթե ստեղծագործությունը հաջողվում է, ապա այն դառնում է մոգական: Երբեմն էլ չես հասկանում` ո՞րն է ավելի իրական. այն, ինչ ապրո՞ւմ ես, թե՞ այն, ինչ գրում ես: Ես մի օր մի ջրահարսի մասին էի գրում: Սև մազերով աղջիկ էր, ակվարիումի մեջ փակվել էր, ես էլ դրսում էի` ցամաքում: Տարօրինակ է, բայց ջրահարսն ուզում էր դուրս գալ ու ինձ խնդրում էր, աղաչում էր` մի բան անեմ: Ես քայլում էի, իսկ իմ ներսում նորից այդ աղջիկն էր, որ ասում էր` մի բան արա, հանիր ինձ էստեղից: Ես էդպես էլ չկարողացա ինչ-որ տարբերակ գտնել և օգնել նրան: Ինչ տարբերակ պատկերացնում էի, կարծես թե հարմար չլիներ, մի տեսակ չէր ստացվում: Բանաստեղծությունը չհաջողվեց, ջրահարսն էլ երկար ժամանակ տանջում էր, իբր` բա դու մա՞րդ ես: Ամեն անգամ ջրի մակերեսին լողացող սև մազերն եմ տեսնում ու գիտեմ, որ մի օր անպայման կփրկեմ նրան:
-Քեզ կարդո՞ւմ են, ո՞վ է ընթերցողդ:
-Կուզեի ասածս ուղղակի չընկալվեր: Մարկեսը իր «100 տարվա մենության» մեջ գրում է ՈՒրսուլայի մասին. ՈՒրսուլան մինչև Բուենդիայի հետ անկողին մտնելը հագնում էր վարտիքի նման մի բան, որը մայրն էր կարել հաստ պարուսինից: Վարտիքն ամրանում էր խաչաձևվող գոտիների մի ամբողջ ցանցով, որն առջևի մասում կոճկվում էր երկաթյա հաստ ճարմանդով, ու այդպես ամուսիններն ապրեցին ամիսներ:
Հիմա ես կանգնում եմ մարդկանց մեջ ու ասում եմ` ես ՈՒրսուլան չեմ, ես հանել եմ իմ վարտիքը, գոտիները, արձակել եմ ճարմանդը… ես մերկ ներսով կանգնում եմ ձեր առջև և խոսում եմ իմ ամենամերկության մասին: Այն մարդը, ով կհասկանա իմ այդ բացությունը, հենց նա էլ իմ ընթերցողն է:
-Ընկերներիդ գործերը հավանո՞ւմ ես:
-Ժամանակի հետ ես հասկացա` որպեսզի ուժեղ լինեմ, ինձ սերունդ է պետք, մարդիկ, որոնց ես կհավատամ: Գրելու ընթացքում ես մենակ եմ, ոչինչ կարևոր չէ, իսկ գրելուց հետո ինչ-որ բան կա, որ մենակ հաղթահարել չեմ կարող: Գիտակցումը, որ կան մարդիկ, որոնց դու հավատում ես, որոնք էլ իրենց հերթին իրենց գրածի հետ մոտիկության նույն ակտն են ունեցել, մի այլ կարգի հաճելի է: Կան մարդիկ, որոնց ես հավատում եմ, ոմանց հետևից թելը բռնած գնում եմ, զգում եմ` ներքև ենք իջնում, էդ պահին ահավոր տխրում եմ, ոմանք էլ անսպասելի կտրում են թելը, ասում են` հե հե՜յ, թե կարող ես, հասիր: Ինձնից փախչող այդ մարդկանց ես ամենից շատ եմ հավատում:
-Բավականին երիտասարդ ես և բավականին ճանաչված գրական աշխարհում, ո՞րն է հաջողությանդ գաղտնիքը: Մեր օրերում, ըստ իս, PR-ը գործի կեսն է, եթե ոչ ավելին:
-Ինտերնետը ամենահասանելի PR գործիքն է, որից բոլորը կարող են օգտվել, որը կարող է Դորիանների ծննդավայրը դառնալ: Բայց դե ժամանակի ընթացքում նա իր ծոցում իր անարժան զավակներին կամ խեղդում է, կամ մոռանում նրանց գոյության մասին: Քննության ժամանակ պատահում է` տոմսը քաշում ես ու, քանի որ հարցի պատասխանը չգիտես, սկսում ես խոսել ամեն ինչից, դասախոսը 5 րոպե է լսում, 10 րոպե, հետո ամեն դեպքում ասում է` լավ, անցնենք հարցին: Ինտերնետը որպես PR միջոց ընտրած մարդու համար էլ է այդ ժամանակը գալիս, ու երբ հերթը հասնում է «լավ, անցնենք գրածին» հարցին, մարդը գիտակցում է, որ էլ փախչելու տեղ չունի:
-Որքանո՞վ են «առողջ» համացանցային քննարկումները:
-Հիմնականում առողջ չեն: Մի քանի տարբերակ կա.
1. Օ՜յ, Սիլվան լավ աղջիկ ա, էկեք մի հատ լայք տանք ու էրկու հատ լավ բառ ասենք:
2. Կոնկրետ զանգվածի համար գրվող գործեր: ՈՒ էդ զանգվածը հիմնականում անբավարարված մարդիկ են, որոնց բաց կուրծք ցույց տալով` կարող ես խաբել:
3. Պաթոսի ու սենտիմենտի հովտի ժողովրդի մասին էլ չխոսեմ։
ՈՒ էլի մի շարք հիվանդ տարբերակներ:
-Ֆեյսբուքյան հայտագիր եմ ուզում մեջբերել. «Ես այսօր բացահայտեցի «Դժվար ապրուստ»-ի գերեզմանային սյուժեի առեղծվածը: Ներկա էի մի միջոցառման, որտեղ 16-18 տարեկան երեք դեռատի աղջիկ կարդացին իրենց բանաստեղծությունները»: Մանե, խոսքն ի՞նչ միջոցառման մասին է: Որքան գիտեմ, այդ աղջիկներից մեկը դու ես, թեև 16-18 տարեկան չես:
-«Հասմիկ Սիմոնյան» գրական գործակալությունը հանդիպում էր կազմակերպել երեք դեռատի աղջիկների հետ` ամենադեռատիից դեռատի աճման սկզբունքով: Ես` 23 տարեկան դեռատիս, այդ երեք աղջիկներից մեկն եմ, ու ինչ հաճելի է գիտակցել, որ ոմանց մոլորության շնորհիվ դու դեռ շուրթերիդ զգում ես նոր չորացող կաթի համը: Մի խոսքով, կարդացինք մեր «անդրշիրիմյան» գործերը, ու մի ոչ դեռատի մարդ, ամեն դեպքում դեռատի տղայի վախվորածությամբ, միջոցառումից հետո խոսեց իր վախերի, սարսափների մասին: Այդ դժոխային քաոսի հեղինակները մենք էինք:
-Սովորաբար մենք քննադատում ենք մերօրյա երգահաններին, սցենարիստներին` սերը էժանացնելու, բռնություն, մահ, լացուկոծ տարածելու համար: Գրականությունն այլ տարածք է, երիցս զգուշություն է պահանջում, չե՞ս կարծում, որ մեղադրանքների մեջ կարող են ճշմարտության տարրեր լինել:
-Տվյալ դեպքում միջոցառմանը ներկա թերևս ոչ իմ ընթերցողը շատ հեղհեղուկ պատկերացում ունի մահվան, բռնության և լացուկոծի մասին: Օրինակ, պահարանում նստած իմ հայրը նրա համար խեղճացած հոր օրինակ է, մինչդեռ մենք պետք է հիշենք, որ մեր գրականության հերոսի պահվածքը պետք է ուսուցողական լինի. իսկ ի՞նչ կարող է սովորեցնել պահարանում փակված հայրը: ՈՒ նման կարծրացած պատկերացումներ ունեցող մարդը չի հավանում «Դժվար ապրուստ» սերիալը, որն ամեն դեպքում նայում է, ու այդ սերիալի միստիկ երևույթների պատասխանը փորձում է գտնել ու գտնում է մեր բանաստեղծությունների մեջ:
Շարադրությունների տետր ունեցող մարդիկ կան, ովքեր իրենց տարածքում ինչ ուզեն կարող են անել: Դա ինձ չի վերաբերում: Իհարկե, ցավալի է, որ այդ շարադրությունների տետրին այսօր փոխարինելու է եկել բլոգը: Այդ տետրակներում գրված գործերի և գրականության միջև ոչ մի առնչություն չկա:
Ես ունեմ համարձակություն ինձ դաշտի պես փռելու, իմ ամենաամենաներսի մասին խոսելու, բայց իմ այդ բացության մեջ ես խոցելի եմ: Ես տեղ չեմ թողել իմ գրածի հետևում թաքնվելու, ու տխուր է, երբ մարդն օգտվում է իմ անպաշտպանվածությունից ու իմ բացությունն օգտագործում է իմ դեմ:
-«Այգում մեռնող իմ տղամարդը
գրքեր էր կարդում
գեղեցիկ էր,
ինչպես զևսը հերայի գրկում,
ու որքան հրաշալի էր նա մեռնում»:
Գրողները հաճախ են մահվան թեմային անդրադառնում, բայց սա արդյո՞ք մահվան փառաբանում չէ: Ինքդ ինչպե՞ս ես բնորոշում գործդ:
-Մահը մահվան մասին մեր ֆանտազիաներն են, ոչինչ ավելի: Ոմանց համար այն սարսափելի է, դժոխային, մռայլ, ցավաբեր: Երբ գրում էի` արևը ծածկել է իրիկնային մարմինդ, իմ ներսում իմ մեռնող տղամարդը իր մահվան լռությամբ խաղաղության հիմն էր երգում: Չգիտեմ` մահվան մասին ես խոսում եմ կյանքի գույներով: Իմ մահվան մեջ խեղճություն չկա, լացող մարդը չկա, ու մեռելների գլխավերևում ծանրացող ողբի ամպերը չկան։ Կա հեռացումի տխուր ժպիտ, ու կա այգում, բալենու ծառի տակ մեռած տղամարդ, ով մոտ է Աստծուն։ ՈՒ դու հասկանում ես, որ քո սիրելի մարդու հեռացումը պետք է թեթև ու տանելի դարձնես։ Դրա համար էլ նրան մոտեցնում ես Աստծուն, թեկուզ նրան, որ չկա…


Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3345

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ